ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ընտրվելու դեպքում իմ առաջնահերթ խնդիրն է լինելու Երևանին վերադարձնել մեր բոլորի կորսվող հարազատության զգացողությունը»

«Ընտրվելու դեպքում իմ առաջնահերթ խնդիրն է լինելու Երևանին վերադարձնել մեր բոլորի կորսվող հարազատության զգացողությունը»
19.05.2009 | 00:00

«ԵՐԵՎԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է Երևանի քաղաքապետ, մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ
-Պարոն Բեգլարյան, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները Հայաստանի համար առանցքային նշանակություն են ձեռք բերում։ Նախ` ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
-Նախընտրական պայքարը, ընդհանուր առմամբ, նորմալ է ընթանում: Առաջին տասնօրյակում հարաբերական պասիվություն կար, այսպես ասած` թափ հավաքելու փուլ էր, սակայն, կարծում եմ, սպասվող տասնօրյակը ոչ միայն բուռն կլինի, այլև հնարավոր վերադասավորությունները կնախանշի:
Նախընտրական հաջորդ առանձնահատկությունը պայքարի քաղաքակիրթ բնույթն է. մեկ-երկու բացառությունները չխաթարեցին քարոզարշավի ընդհանուր ընթացքը:
Անհանգստացնողը, թերևս, այն է, որ երևանցին վատ է տեղեկացված, թե ինչ ընտրությունների է ինքը գնում: Փաստորեն, Երևանը փոքր համայնքներից կազմված կենտրոնի է վերածվում, դառնում մեկ միասնական օրգանիզմ, և երևանցին մայիսի 31-ին ստանում է ռեալ շանս առաջին անգամ տեղի ունեցող մայրաքաղաքային ընտրություններում որոշիչ խոսք ասելու: Այսինքն` Երևանը կարող է ինքն ընտրել իր քաղաքապետին, կարող է և այդ շանսը թողնել ավագանուն. նկատի ունեմ 40+1 տոկոսի դեպքում ավտոմատ կերպով քաղաքապետ ունենալու հնարավորությունը: Նախընտրական այս կոմպոնենտը կարծես դուրս է մնում քաղաքական պայքարի առանցքից:
-Պարոն Բեգլարյան, նոր օրենքով, փաստորեն Երևանը կունենա իր, այսպես կոչված, «մինի» խորհրդարանը:
-Ի դեպ, ընտրությունների այս փուլում շատ է խոսվում նաև, որ Երևանն առաջիկայում վերջապես կունենա իր «խորհրդարանը»: Մի պահ կարծես մոռացվում է, որ մայրաքաղաքային համայնքներն այդ սկզբունքով աշխատել են երկար տարիներ, փաստորեն` մինչ այսօր, և համայնքներում եղել է Ձեր ասած 15-հոգանոց «խորհրդարանը»` ավագանին, ժողովրդի կողմից ուղիղ ընտրված: Պարզապես նույն կենտրոնացումը տեղի կունենա նաև այս դեպքում` քաղաքային կառավարումը դարձնելով առավել խորքային, «քաղաքականորեն» ձևակերպած` թիրախային:
-Այնքան «թիրախային», որ «բրգացած» այդ խորհրդարանում, իհարկե, Ձեր հաղթանակի դեպքում, Դուք «ստիպված» կլինեք աշխատել արտախորհրդարանական ընդդիմության հետ: Ինչպե՞ս եք աշխատելու:
-Տարիներ շարունակ ես աշխատել եմ տարբեր քաղաքական ուժերի հետ: Կենտրոն համայնքի ավագանին բազմակուսակցական էր: Եվ ես չգիտեմ որևէ հայ մարդու, որը, տեսնելով, որ քաղաքապետը որոշումները կայացնում է հօգուտ մայրաքաղաքի և երևանցու, կարող է հենց այնպես վերցնել ու ընդդիմանալ, չնայած դա նաև իր իրավունքն է:
Հարցնում եք, պատասխանում եմ` ընտրվելու դեպքում ես պատրաստ եմ համագործակցելու, լսելու, խորհրդակցելու ցանկացած, այդ թվում և` Ձեր նշած արտախորհրդարանական ընդդիմության հետ:
-Ի դեպ, ի՞նչ է Ձեզ համար Երևանը. ենթակառուցվածքնե՞ր, աղբահանությո՞ւն, քաղաքաշինությո՞ւն, ապագա կենսունակ մեգապոլի՞ս, թե՞ ծննդավայր, ուր անցել է շատերիս մանկությունը:
-Բոլոր թվարկածներդ` միասին և մեկ առ մեկ: Որոշ կարևոր բաներ էլ դրանց գումարած: Երևանը բոլորիս և ողջ հայության մայրաքաղաքն է: Երևանը մեր մեծ հայրենիքում բոլորիս փոքր հայրենիքն է` իր բոլոր բաղկացուցիչներով հանդերձ:
-Գիտենք, կարդում ենք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը և տեսնում, որ «սոուսը» մի քիչ այլ է, սակայն նույն ուղղություններն են, նույն մոտեցումները, նույն վեկտորները: ՀՀԿ-ի ծրագիրն ինչ-որ բանով տարբերվո՞ւմ է։
-Տարբերվում է: Նախ` ավագանու գործնական ցուցակով: Քիչ առաջ խոսում էինք նախընտրական փուլի առանձնահատկություններից. թող անհամեստ չթվա, սակայն քարոզչության ընթացքը ցույց տվեց, որ առկա ուժերից հատկապես (եթե չասեմ` ամբողջապես) ՀՀԿ-ն է պատկերացնում, թե ինչ ընտրությունների, մայրաքաղաքային ապագա զարգացումների հետ գործ ունի: Եվ դա այն պարզ պատճառով, որ գոյություն ունի շարունակականության սկզբունք. ՀՀԿ-ն, որպես օրվա պատասխանատու, տևական ժամանակ քաղաքի զարգացումն ապահոված ուժ, լավ գիտի, հստակ պատկերացնում է` երբ, որտեղ, ինչից է սկսելու կայուն զարգացում ապահովելու խնդիրը մայրաքաղաքային կտրվածքով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ` Երևանը վերջին տարիներին անչափ շատ է փոխվել:
Դառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին, պետք է ասել, որ այն կառուցված է բացառապես քաղաքն իմացող, քաղաքային տնտեսությունը լավագույնս հասկացող, ապա և` տեղական ինքնակառավարումը պատկերացնողների հենքի վրա. ինքս յոթ տարի աշխատել եմ ինքնակառավարման ոլորտում, ղեկավարել այն: Երկրորդ հորիզոնականն զբաղեցնողը` նույնը, իսկ ՀՀԿ համամասնական երրորդ համարը անվանի ճարտարապետ է: Շարունակությամբ էլ մարդիկ են, ովքեր գիտեն ինչի հետ գործ ունեն և ուր են գնում:
-Իսկ ինչ առաջնահերթություններով են «գնում», որովհետև քաղաքը, այո՛, նախ և առաջ տնտեսություն է, իսկ աշխարհում այսօր գլոբալ տնտեսական ճգնաժամ է, և որքան էլ «շարունակական» լինեք, այնուհանդերձ, վերմակը ոտքերի երկարություն է ենթադրելու: Այսպիսով, ընտրվելու դեպքում քաղաքային տնտեսության ո՞ր ոլորտներն եք գերակա համարելու:
-Երևանի կառավարման համակարգի բարեփոխման ամենաէական բաղադրիչը հունիսի մեկից հետո քաղաքի համաչափ զարգացման խնդիրն է: Ասել է` կարևոր և անկարևոր խնդիրներ այլևս չկան և չեն լինելու. շենքի տանիքից, վերելակից, բակի փոշուց, աղբահանությունից սկսած` մինչև մանկապարտեզներ, դպրոցներ, վթարային շենքեր, քաղաքաշինական հրապարակներ... Երևանն ունի ուրույն առանձնահատկություն. ենթակառուցվածքներն այնպիսին են, որ պետք է զարգանան համաչափ, այնպես որ` նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում նախընտրություններ չեն կարող լինել, գերակայություններ` նույնպես:
ՀՀԿ-ն իր երկարաժամկետ և կարճաժակետ մարտավարությունը կառուցել է հետևյալ սկզբունքի վրա. սկսելու ենք ամենակարևորից` ամեն ինչ մեր փոքրիկների, ապագա սերնդի համար. ստեղծելու ենք պայմաններ, որոնք ցանկացած մայրաքաղաք կարող է տալ իր փոքրիկ բնակչին: Հաջորդ քայլով մեծահասակների համար արժանապատիվ «ծերանալու» պայմաններ են ստեղծվելու` դարձյալ մեզ առնչվող մասով:
Ամենաէականը մեզ համար երիտասարդների և ընդհանրապես, զբաղվածության խնդիրն է: Մշտապես, առավել ևս այս քարոզարշավի ընթացքում, բոլոր երևանցիներին անհանգստացնողը, իհարկե, եղել և մնում է աշխատատեղերի հարցը:
Մենք մեր հերթին ասել ենք, եթե կլինի որևէ մեկը, որը Երևանում կկառուցի գործարան, քաղաքապետարանը նրան ընդառաջ կգնա, և հողահատկացում կկատարի բոլորովին այլ պայմաններով: Գումարած` փաստաթղթային ձևակերպման առաջնահերթությունը:
Մի շատ նուրբ հարցի մասին ևս. բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն Երևանում գրախանութներ բացելու, կազատվեն տեղական տուրքերից և գույքահարկից: Ի դեպ, այս միտքն ինչ-ինչ տարընթերցումներ էր առաջացրել: Հարկ եմ համարում հիշեցնել, որ մայրաքաղաքային այն «խորհրդարանը», որի մասին քիչ առաջ խոսում էինք, իրավունք ունի անհատ սուբյեկտներին ազատելու տեղական հարկերից և գույքահարկից` ի նպաստ Երևան քաղաքի: Նման բոլոր կարգի ձեռնարկների դեպքում, գոնե ես ավագանու առջև հանդես եմ գալու այդպիսի առաջարկով:
Գաղտնիք չէ, Երևանը մշտապես ունեցել է իր փիլիսոփայությունը, ձգողական անբացատրելի ուժը, ավանդույթները, սակայն այսօր գտնվում է բարոյական ճգնաժամի փուլում: Ընտրվելու դեպքում իմ առաջնահերթ խնդիրն է լինելու Երևանին վերադարձնել մեր բոլորի կորսվող հարազատության զգացողությունը:
-Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի 131 շենքի բակում ինքս ակնատես եղա, թե Ձեզ և Տարոն Մարգարյանին բնակիչները քանի անգամ ուղղեցին հետևյալ հարցը. էդ ինչո՞ւ ձեր երկուսի համայնքներն էլ այդքան ծաղկուն են, գեղեցիկ, իսկ Քանաքեռ-Զեյթունն այդպիսին չէ: Էդ որ ասում եք` համաչափ զարգացում. ի՞նչ եք անելու` Կենտրոնի ու Ավանի զարգացումը կասեցնելու եք, սկսելու եք զարգացնել ա՞յդ համայնքները:
-Իհարկե, ոչ: Ոչ թե կասեցնելու ենք Կենտրոնի կամ Ավանի զարգացումը, այլ ընտրելու ենք կառավարման այնպիսի մոդել, որը կապահովի մայրաքաղաքի այսուհետ արդեն վարչական բոլոր տարածքների համակարգված, ներդաշնակ զարգացումը: Ասել է թե` բոլորը, անկախ բնակության տարածքից, իրենց լիարժեք երևանցի են զգալու: Բոլոր տարածքներում էլ պետք է գործեն սոցիալ-տնտեսական, մշակութային, մարզական հաստատություններ, և, այսպես կոչված, ծայրամասերի զբոսայգիները ոչնչով չեն զիջելու կենտրոնին:
-Դուք լա՜վ մենեջեր եք, պարոն Բեգլարյան, հա՞: Լավ. ձևակերպեմ հարցը «քաղաքականապես գրագետ». տնտեսագետ Գագիկ Բեգլարյանը Կենտրոնն ավելի՞ լավ է ղեկավարել: Ի դեպ. տնտեսագետ ու մենեջեր պարոն Բեգլարյանին այսպիսի մի հարց. այս ընտրություններում բոլորը և խիստ միահամուռ խոսում են աղբահանության մասին, իսկ դաշնակցությունը նույնիսկ աղբահանման ողջ ցիկլը կազմակերպելու և այն բնակչի համար անվճար դարձնելու առաջարկով է ասպարեզ մտել: Եթե չեմ սխալվում, Դուք վերջերս պայմանագիր կնքեցիք ճապոնական կողմի հետ` խնդրո առնչությամբ գործարան կառուցելու վերաբերյալ:
-Գիտե՞ք, աշխարհում չկա այնպիսի աղբի գործարան, որը կարողանա շահույթով աշխատել: Աղբի գործարանները հազիվ են կարողանում զարգացած երկրներում 80 տոկոս ինքնածախսածածկում կատարել: Մնացած 20 տոկոսը գոյանում է սպասարկման վարձից: Հայաստանի Հանրապետությունում աղբի հարցը չի լուծվի վերջնականապես, եթե մենք չունենանք աղբահանության հետ կապված օրենք, որով կսահմանվեն յուրաքանչյուր բնակչի, բոլոր կարգի սուբյեկտների, կառույցների հստակ պարտավորությունները: Ինչ վերաբերում է ճապոնացիների հետ կնքված պայմանագրին, ապա այն առավել բնապահպանական նշանակություն ունի, և պետք է ասել, որ բավականին հաջողված պայմանագիր է, որով նախատեսվում է մաքրել աղբավայրը, վերացնել վնասակար արտանետումներն ու գազերը:
-Աղբահանությունից, տնտեսությունից անցնենք քաղաքական խնդիրներին: Ըստ Ձեզ` առաջիկա ընտրությունները քաղաքակա՞ն, թե՞ համայնքային նշանակության են:
-Ընտրությունները քաղաքական են: Բայց և, ըստ իս, կհաղթի այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է քաղաքին վերաբերող տնտեսական, համայնքային զարգացման հստակ ծրագիր: Գումարած` հանգամանքը, թե քաղաքական ուժի համամասնական ցուցակի ներկայացուցիչները որքանով կարող ուժեր են այդ ծրագիրն իրականացնելու համար:
-Իսկ ընդդիմության միտինգնե՞րը. թույլատրո՞ւմ եք, որ նրանք հավաքվեն և Ձեր դեմ «միտինգեն»:
-Միտինգներ եղել են, կան և կլինեն: Այո՛, թույլատրում ենք: Ցանկացած երկրում հանրահավաքների անցկացումը ժողովրդավարության դրսևորման ձևերից է: Ես միշտ բաց եմ եղել առողջ քննադատության համար` որտեղից էլ դա հնչի: Իմ քաղաքապետության կարճ ընթացքում ընդդիմությունը քանիցս միտինգներ է արել: Այլ խնդիր է երթերի անցկացումը: Գաղտնիք չէ, որ Երևանի երթևեկությունը գերծանրաբեռնված է, և երթերի անցկացումն այն երբեմն դարձնում է անանցանելի: Նաև պետք է նկատի ունենալ, որ ցանկացած իրավունքի կիրառում այս կամ այլ կերպ խոչընդոտում է ուրիշների իրավունքը:
-Հա, ի դեպ, այս անգամ այնպես էիք «թույլատրել» միտինգ անցկացնել, որ դրան մասնակացում էր անձամբ ինքը` պարոն Սեմնեբին: Էնտեղ էլ ոնց որ անհանգիստ է տիկին Հիլըրին. ճիշտ է, նա այլևս առավոտ կանուխ չի զանգահարում ՀՀ նախագահին, այլ նամակ է գրում և նամակում արտահայտում է իր «անհանգստությունը» Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ: Ինչո՞վ եք բացատրում միջազգային կառույցների այդքան հուժկու ուշադրությունը մեր համայնքային ընտրությունների նկատմամբ:
-Այդ անհանգստությունը մայիսի 31-ից հետո այլևս չի լինի, որովհետև արվելու է ամեն ինչ, որպեսզի մայիսի 31-ին ընթանան պատշաճ, արդար և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
-Ի դեպ, խոսակցություն կա, որ մայիսի 28-ին կլինի համաներում. քաղբանտարկյալներն ու համապատասխան «արդարադատ» հաստատությունները նույնպես Երևանում են, ի վերջո, ի՞նչ սպասումներ ունեք:
-Համաներում հայտարարելու բացառիկ իրավունքը երկրի նախագահինն է: Ժամկետներն ինքն է որոշում: Ինքս համաներման կողմնակից եմ: Սպասենք երկրի նախագահի որոշմանը:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր քաղաքական մրցակիցներին:
-Շատ հանգիստ:
-Իսկ «կոնկուրենտ» ֆիրմաների նախընտրական քարոզչական արշավի՞ն. կարծես նույնիսկ բախումներ կան: Չնայած ԲՀԿ-ՀՀԿ «բախման» առնչությամբ տեսակետ է հնչում, որ դրանք իմիտացիոն գործընթացներ են, որպեսզի բրգացվի, կենտրոնացվի իշխանական ռեսուրսը:
-Ո՛չ իմիտացիոն գործընթաց կա և ոչ էլ, որպես այդպիսին, բախում: Խորապես համոզված եմ, որ թե՛ մեր, թե՛ ԲՀԿ-ի շտաբներում նման գործելաոճը չի կարող ընդունելի համարվել: Նման միջադեպերը, եթե տեղ ունեն, ապա «պապից ավելի կաթոլիկ» գործելաոճի արդյունք, արջի ծառայություն են, ինչը մենք խստորեն դատապարտում ենք: Մեր խնդիրն է այդ մարդկանց հասկացնել, որ իրենց ծառայության կարիքը մենք ամենևին չունենք, և, բացի մեզ վնասելուց, իրենք այլ նպատակի չեն ծառայում:
-Պարզ է, անցնենք առաջ: Բոլոր դեպքերում, շատ հետաքրքիր էր` ինչո՞ւ ընտրեցիք բակային հանդիպումների ձևաչափը. բոլորը սպասում էին ՀՀԿ-ի կողմից անցկացվող «գրանդիոզ, իզյաշնի» միտինգների, սակայն էսպես` «մեծ աշխարհի մեր անկյունը» տարբերակով առաջ եք գնում: Դեռ գնալո՞ւ եք:
-Այո՛: ՀՀԿ քարոզչական ձևաչափը չի փոփոխվելու: Պատճառը մեկն է. դեկլարացիան թողնել մի կողմ և երևանցուց սկսած գնալ դեպի քաղաքապետարան, տեղական ինքնակառավարման մարմնի համար «աշխատող» այլ ձևաչափ չկա, հեծանիվ հորինելու կարիք` նույնպես:
-Չէ, ասվում է, որ ՀՀԿ-ն շեշտադրումը դրել է «մեր բակի»` քաղաքացի-մարդ առանցքի վրա, ելնելով հանգամանքից, որ թե՛ Դուք, թե՛ Տարոն Մարգարյանը ժողովրդի երակը, նրա հետ երկխոսություն վարելու կարողությունը չկորցրած մարդիկ եք, և սովորական լինելու ջիղը դեռ չեք կորցրել: Սա` «ա»: Եվ` բ) համ էլ Դուք դեմ եք եղել «գրանդիոզ», «շախով-շուխով» միտինգներին ու որոշել եք անձամբ գնալ երևանցու դուռը: Բա:
-Գնահատականները թողել ենք ընտրողին: Ձևաչափն ընտրել է կուսակցությունը, և ինչպես ցույց է տալիս թե՛ այս, թե՛ տեղական ինքնակառավարման, այսպես ասած, համաշխարհային (բա՜, ինչպես Դուք կասեիք) տեղական ինքնակառավարման փորձը, այդ մոտեցումն իսկապես աշխատող է: Իսկ եթե ավելի անկեղծ` միտինգներ միշտ չեմ սիրել: Ես կոնկրետ պատկերացնում եմ, թե ինչ ասել է տեղական ինքնակառավարում, իսկ դրա մասին հայտարարել միտինգից, բարձրախոսով, «շախով-շուխով», հաստատ չէի ցանկանա: ՈՒ պետք էլ չէ:
-Այնուհանդերձ, Ձեր թիկունքում արդեն նկատվում են բոլոր ժամանակների Պագանինին` հարգելի Վլադիմիր Մսրյանն ու էլի ուրիշներ. փոխո՞ւմ եք ֆորմատը:
-Բակային այդ հանդիպումներն սկսվեցին 10 հոգուց, գնալով մեր կողքին հայտնվում էր բնակիչների, համակիրների հոծ բանակ...
-«Ինքնաբո՜ւխ»:
-Ինքնաբուխ (հասկանում եմ ենթատեքստը), այո՛, ինքնաբուխ. Երվանդ Ղազանչյանը եկավ, էլի շատերը, չթվեմ, եկան, միացան և հիմա գնում են ընտրությունների` մեր թիմի, համակիրների ողջ բանակի հետ:
-Միշտ ցանկացել եմ Ձեզ ուղղել այս հարցը. 93-ին Դուք կարծես ԳԽ պատգամավոր էիք, 95-ին Ձեզ չգրանցեցին. ի՞նչ կատարվեց:
-Այո, 93-ին որպես անկուսակցական դարձա ԳԽ պատգամավոր, հետո միանգամից դարձա ընդդիմություն, որովհետև ճնշումներն անչափ շատ էին, որպեսզի չմնամ անկուսակցական: Մնացի: Իսկ արդեն 95-ին ինձ չգրանցեցին հասկանալի պատճառով: «Պատճառաբանվեց», որ գործերի հետ դիմում չի եղել: Դիմեցի դատարան` թեկնածությունս գրանցելու համար, մերժվեցի նաև դատարանում: Այսքանը:
-Հետաքրքիր էր, մեկ այլ առիթով, իհարկե, «կխորանանք», սակայն վերջին հարցը. Կենտրոնի թաղապետ եղած ժամանակ էսպես, դերվիշի շորեր հագած, պտտվում էիք քաղաքով։ Հիմա՞ էլ եք գնում պտտվելու, գնալո՞ւ եք, որ ընտրվեք:
-Միշտ, հենց մի քանի րոպե ժամանակ ունենամ, գնում եմ և գնալու եմ:
-Թիկնապահներով-բանով:
-Երևանում շրջելու համար ինձ թիկնապահ պետք չէ: Թիկնապահ չունեմ:
-Ճիշտն ասած` ես Ձեզ առանց թիկնապահի տեսել եմ Ճրագալույցի պատարագից հետո` ապրիլի 12-ի երեկոյան, չգիտեմ` ում հետ, Մաշտոցի պողոտայով վեր ու վար էիք անում, ինչո՞ւ:
-Սիրում եմ Երևանում երկար զբոսնել:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ